Հայաստանը կարող է Ռուսաստան սառեցված թռչնամիս արտահանել: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Վերջին 3 տարվա ընթացքում, ըստ նրա, Հայաստանում թռչնամսի արտադրությունն աճում է: «6 ամսվա ընթացքում աճը մեզ մոտ կազմել է 7-7.5 տոկոս, իսկ մինչեւ տարեվերջ այն կարող է հասնել մինչեւ 10 տոկոսի»,- հավելեց Ստեփանյանը:
Արտահանմանը կօգնի ISO 22000 չափանիշներին հասնելու համար սպանդանոցների բարելավումը, ռիսկերի GMP վերլուծությունը: Դրանից հետո իրական հնարավորություններ կստեղծվեն արտահանման համար, մասնավորապես՝ սառեցված թռչնամսի:
«Հեռանկարային շուկա կարող է դառնալ Ռուսաստանը: Մեր թռչնաֆաբրիկաներին հաջողվում է արտադրությունը կազմակերպել այնպես, որ ինքնարժեքով այդքան էլ չենք զիջում ռուս արտադրողներին»,- նշեց Ստեփանյանը:
Երբ Հայաստանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ըստ բանախոսի, կդադարեն սահմանին ԱԱՀ գանձել Միության ներսում առեւտրի համար: Սա առավել կարեւոր է թռչնաբույծների համար կերի տեսակետից՝ եգիպտացորեն, ցորեն, սոյայից սնունդ: Թռչնակերի մեծ մասը (բացառությամբ՝ սոյայից սննդի) հնարավոր է գնել Միության երկրներից:
Նշենք, որ Հայաստանն առայժմ թռչնամիս գրեթե չի արտահանում (2014 թվականի առաջին կիսամյակում՝ ընդամենը 4.1 տոննա):





























