Սննդի անվտանգության պետական ծառայության եւ Հայաստանի թռչնաբույծների միության համատեղ դիտարկման ընթացքում մանրածախ առեւտրի ոլորտում «Ալավերդիի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի արտադրած հավեր են հայտնաբերել: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
«Սննդի անվտանգության պետական ծառայության ռեեստրում սննդամթերքի արտադրող կամ վերամշակող նման ընկերություն գրանցված չէ: Իսկ Հայաստանում ռեեստրում գրանցումը պարտադիր է սննդի արդյունաբերության բոլոր սուբյեկտների համար»,- հավելեց Ստեփանյանը:
Ըստ նրա, Միության գլխավոր նպատակը ոչ թե «անպետքների» դեմ պատժամիջոցների կիրառումն է, այլ բոլորի համար հավասար պայմանների ապահովումը: «Յուրաքանչյուր ցանկացող կարող է շուկա դուրս գալ, սակայն պետք է հետեւի արդյունաբերական նորմատիվներին»,- ընդգծեց Միության նախագահը:





























