Մոսկվայի 32-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկում է հունիսի 17-ին՝ ֆրանսիացի դասական Կլոդ Լելուշի «Կինը եւ տղամարդիկ» ֆիլմով: Նրան հանձնվելու է փառատոնի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ «Համաշխարհային կինեմատոգրաֆում նշանակալի ավանդի համար»:

«Ոսկե Սբ.Գեորգիի» համար պայքարելու են 17 ֆիլմեր Ավստրիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Վենեսուելայից, Գերմանիայից, Իսպանիայից, Կանադայից, Կորեայից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից եւ Չեխիայից: ԱՊՀ երկրներից այս տարի պրեմիերաներ չեն լինելու:

Փառատոնի շրջանակներում հետահայց ցուցադրվելու են ռազմական բնույթի ֆիլմեր՝ նվիրված Մեծ Հաղթանակի 65-ամյակին:

Ժյուրիի կազմում են ավստրիացի ռեժիսոր Ֆայտ Հայդուշկան, լիտվացի ռեժիսոր Շարունաս Բարտասը, դերասանուհի Կատալինա Սաավեդրան (Չիլի) եւ Մարիա Միրոնովան (Ռուսաստան): Այս տարի ժյուրին գլխավորում է Լյուկ Բեսսոնը:

Դափնեկիրները հայտարարվելու են հունիսի 26-ին՝ փառատոնի փակման օրը: