Առնվազն 46 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը անհետ կորած են համարվում Հնդկաստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում: Ուժգին անձրեւները զգալի վնաս են հասցրել նահանգի վարչական կենտրոն Մումբային: Այնտեղ հեղեղվել են փողոցները, արմատախիլ են եղել ծառերը, խաթարվել է էլեկտրամատակարարումը: Ֆինանսական մեգապոլիսի շրջաններից մեկում փլուզվել է բազմահարկ շենքի պատը, զոհվել է 8 մարդ: Կաթվածահար է եղել տրանսպորտային հաղորդակցությունը Մահարիշտրա նահանգում, չեղյալ են հայտարարվել տասնյակ ավիաչվերթներ, իսկ գնացքները շարժվել են մեծ ուշացումներով:
Հորդառատ անձրեւների արդյունքում քանդվել է հազարից ավելի բնակելի տուն, տարհանվել են Մահարիշտրայի ափամերձ հատվածների բնակիչները: Կառավարությունը հայտարարել է, թե 1200 դոլար փոխհատուցում է վճարելու տուժածներին:
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ անձրեւները կշարունակվեն եւս երեք օր:



























