Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղազախ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Մաքսային միության երկրների ղեկավարների, Ուկրաինայի նախագահի եւ ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ Մինսկում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները, հաղորդում է Tengrinews.kz-ը:
Մասնավորապես, Նազարբաեւը տեղեկացրել է, որ գագաթաժողովի շրջանակներում ՄՄ երկրների ղեկավարները առանձին հանդիպում են ունեցել: Որոշում է ընդունվել, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ տեղի կունենան, որի շրջանակներում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը:
Ղազախստանի ղեկավարը նաեւ պատմել է, որ գագաթաժողովի թեմաներից մեկը եղել է Ուկրաինայի՝ ԵՄ ասոցացման հարցը, եւ հավելել, որ գագաթաժողովին մասնակցող ԵՄ ներկայացուցիչների առջեւ հարց է դրվել՝ ինչպես անել, որ Ուկրաինայի ԵՄ ասոցացումը չվնասի այն երկրներին, որոնք առեւտուր են անում Ուկրաինայի հետ:
«Նման հնարավորություններ կան, ինչպես ես հասկացա, լսելով բոլոր կողմերին: Ուստի մենք որոշեցինք աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի դրանով, եւ եթե պետք լինի, փոփոխություններ կմտցնի Ումրաինա-ԵՄ պայմանավորվածություններում»,-ասել է Նազարբաեւը:




























