ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարությամբ է հանդես եկել՝ ադրբեջանցի լրագրող եւ իրավապաշտպան Իլգար Նասիբովին ծեծի ենթարկելու առնչությամբ, հայտնում է Turan-ը:

«Մենք դատապարտում ենք օգոստոսի 21-ին Նախիջեւանում քաղաքացիական հայտնի ակտիվիստի՝ ժողովրդավարության աջակցման ոչ կառավարական կենտրոնի աշխատակցին  ծեծի ենթարկելու փաստը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել է:

Ինչպես հասկանում ենք, տվյալ իրավիճակում ոստիկանությունն ու դատախազությունն անհապաղ հետաքննություն են սկսել: Մենք կողմ ենք լիարժեք եւ թափանցիկ հետաքննությանը եւ հարձակվողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն:

Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ»,- ասված է  հայտարարությունում

Իր հերթին Նախիջեւանի ՆԳՆ-ն հերքել է Իլգար Նասիբովի գրասենյակի վրա հարձակման լուրը՝ նշելով, որ նրան ծեծի  է ենթարկել բաժակակից ընկերը՝ Նախիջեւանում Քաղաքացիական համերաշխության կուսակցության բաժանմունքի նախկին ղեկավար, նախիջեւանցի Ֆարիդ Ասկերովը՝ նրա հասցեին հայհոյախառն արտահայտություններ հնչեցնելուց հետո: