Թուրքական զինուժերի կողմից Հյուսիսային Իրաք ներխուժելուց եւ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) ճամբարները ռմբակոծելուց հետո PKK-ի ղեկավարները Թուրքիայում գտնվող քուրդ զինյալներին հրահանգել են արյունոտ գործողություններ իրականացնել։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ թուրքական հետախուզական ծառայությունները վերծանել են Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարներից տրվող հրահանգը Թուրքիայում գտնվող քուրդ զինյալներին։ PKK-ի կոդավորված հաղորդագրության մեջ հրահանգվել է արյունոտ հարձակումներ իրականացնել Թուրքիայում։ Այս կապակցությամբ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը եւ ժանդարմերիայի հրամանատարությունը իրենց ստորաբաժանումներին հրամայել են միջոցներ ձեռնարկել հարձակումները կանխարգելելու համար։
Նշենք, որ հունիսի 16-ին թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով սահմանը, մոտ 4 կմ ներխուժել են Հյուսիսային Իրաքի տարածք եւ ռազմական գործողություններ իրականացրել PKK-ի դեմ։ Գործողություններին մասնակցել են նաեւ թուրքական ռազմական ինքնաթիռները, որոնք ռմբակոծել են հավանական թիրախները։

























