ԼՂ հակամարտության հիմնական կողմը ԼՂՀ-ն է, եւ հենց նա պետք է որոշի, թե որն է իր համար առավելագույնը, որը՝ նվազագույնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է Հայաստանի համար առավելագույն փոխզիջումը: Կ. Բեքարյանն ընդգծեց, որ որեւէ մեկը չի կարող խնդրի ծանրությունն զգալ այն չափով, ինչ չափով զգում է ԼՂՀ քաղաքացին, հետեւաբար ցանկացած լուծում պետք է նախ ընդունելի լինի նրանց համար:

«Մենք բոլորս ունենք խնդիր՝ մի կողմից երաշխավորել Ղարաբաղի անվտանգությունը, մյուս կողմից այն, որ ոչ մեկը Ղարաբաղի հետ չխոսի շանտաժի լեզվով»,-ասաց նա, իսկ հարցին, թե երբ հնարավոր կլինի Ղարաբաղին տեսնել որպես բանակցային կողմ, Կ. Բեքարյանը պատասխանեց. «Կգա կհասնի մի գծի, որտեղ առողջ ընկալումների ամբողջությունը ԼՂՀ-ին կբերի բանակցությունների սեղանի շուրջ, դրան պետք է հնարավորինս նպաստի Հայաստանը եւ, կարծում եմ, նպաստում է»: