Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր՝ օգոստոսի 29-ին նախագահի նստավայրում ընդունել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին եւ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին:

Ինչպես հաղորդել են Վրաստանի նախագահի աշխատակազմում, Մարգվելաշվիլին Կովկասի մահմեդականների ղեկավարին պարգեւատրել է «Լուսապսակ» շքանշանով:

Վրաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Փաշազադեին վրաց եւ ադրբեջանցի ժողովրդների միջեւ բարեկամության ամրապնդման մեջ ունեցած մեծ ավանդի համար: Պարգեւատրման արարողությանը մասնակցել են նաեւ Ադրբջանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ:

Իր հերթին Փաշազադեն շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին պարգեւի համար՝ նշելով, որ այն ընդունում է՝ իբրեւ Ադրբեջանի եւ Վրաստանի համագործակցության ամրապնդման ոլորտում իր ծառայությունների խրախուսում:

Իլյա Երկրորդը նույնպես շնորհավորել է Փաշազադեին 65-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ նրան անվանել վրաց ժողովրդի բարեկամ:

Կովկասի մուսուլմանների առաջնորդը Վրաստան է ժամանել այսօր՝ օգոստոսի 29-ին, եւ նշում է իր 65-ամյա հոբելյանը:

Փաշազադեի այցը Վրաստանը կավարտվի օգոստոսի 30-ին: