Չինաստանում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվել է 46 մարդ, եւս 50-ը համարվում են անհետ կորած: Պեկինի «Շոուդու» օդանավակայանում ամպրոպի պատճառով չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել ավելի քան 600 չվերթներ:

Հեղեղումներն ու սողանքները, որոնք առաջացել են մի քանի օր տեղացած անձրեւների հետեւանքով, լուրջ վնաս են հասցրել երկրի հարավային շրջանների 74 քաղաքներում: Տարերքը խաթարել է 2,56 մլն մարդու կյանքը, մոտ 238 հազար մարդ տարհանվել է իրենց տներից, տնտեսական վնասը հասել է 2,72 մլրդ յուանի (398 մլն դոլար), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օդերեւութաբանները առաջիկա 10 օրում եւս հորդ անձրեւներ են կանխատեսում։ Տեղումների քանակը կարող է հասնել 250 մմ-ի: