«Գլխատել են ուռուցքաբանության ամբիոնը եւ ես վստահ եմ, որ թեկուզ ժամանակավոր, բայց մեծ վնաս է հասցվել  մեր ապագա բժիշկների դասավանդմանը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքների եւ քիմիաթերապիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Գրիգորի Բադալյանը՝ նկատի ունենալով այն, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում այլեւս մանկական ուռուցքաբանություն չի դասավանդվում: Նա նշեց, որ այդ ամբիոնում ինքը մանկական ուռուցքաբանություն է դասավանդել շուրջ 15 տարի, սակայն անցած տարվանից հանել են այդ առարկան: «Ամենամեծ հետեւանքն այն կլինի, որ ապագա բժիշկները տեղեկացված չեն լինի մանկական ուռուցքների մասին, չեն տեսնի ուռուցքները եւ վաղը մյուս օրը  կկատարեն ախտորոշման սխալներ»,-ասաց Բադալյանը:

Իսկ ահա Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Սամվել Դանիելյանը կտրականապես հերքում է, թե իրենց մոտ այլեւս չի դասավանդվում մանկական ուռուցքաբանություն: «Այդպիսի բան չկա, չգիտեմ՝ որտեղից եք այդ լրատվությունը ստացել, բայց դա ոչ իրավասու մարդկանց գրածն է եղել: Ես ինքս կրթությամբ մանկաբույժ եմ եւ մանկական ուռուցքաբան, իմ ամբիոնում  չի կարող չդասավանդվել մանկական ուռուցքաբանություն, մանավանդ, որ բաժնում հիմա պառկած են մանուկներ եւ բուժվում են մանկական ուռուցքաբանական հիվանդություններից»,-ասաց Դանիելյանը: Բժշկական համալսարանի ուսանողներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մանկական ուռուցքաբանություն դասավանդվում է միայն օրդինատուրայում:

Թեեւ Ս. Դանիելյանը հերքում է այդ տեղեկությունը, սակայն օրերս մամուլում լուր էր տպագրվել, ըստ որի՝ ԵՊԲՀ-ի  ռեկտոր Գոհար Քյալյանը վերջին տարիներին բազմաթիվ ամբիոններ են փակել, այդ թվում՝ մանկական քաղցկեղի ամբիոնը Օնկոլոգիայի ինստիտուտում: Քյալյանը հայտարարել է, որ երեխաների բաժինը փակվել է, քանի որ կա մեծահասակներինը, իսկ քաղցկեղի բուժման մեթոդները բոլոր տարիքային խմբերում նույնն են:

Օնկոլոգիայի ինստիտուտում փակվում է մանկական ուռուցքաբանության ամբիոնը, իսկ Պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում մանկական ուռուցքաբանություն չի դասավանդվում այն դեպքում, երբ Հայաստանում տարեկան գրանցվում են մանկական ուռուցքի նոր 100 դեպքեր, իսկ տարեկան կտրվածքով մանկական ուռուցքների եւ քիմիաթերապիայի բաժնում բուժվում են 200-250 երեխաներ: