Այսօր` հունիսի 17-ին կայացել է ՀՀՇ վարչության նիստ, որը լսել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի` ՀՀՇ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀՇ լրատվական ծառայությունից, հրաժարականն ընդունվել է, սակայն Արարատ Զուրաբյանը մնում է վարչության անդամ:
Որոշման երկրորդ կետով նշվել է, որ «նկատի ունենալով, որ վարչության նախորդ նիստում ընդունվել է նաեւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի դիմումը վարչության անդամությունից եւ փոխնախագահի պաշտոնից դուրս գալու մասին, մինչեւ առաջիկա համագումարը, համաձայն ՀՀՇ Կանոնադրության 8.7 հոդվածի ը) կետի, վարչության աշխատանքների համակարգման պարտականությունը դրվել է վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա»:
Նշենք, որ վերջին ժամանակներս հասարակական ու քաղաքական շրջանակներում լուրեր էին շրջում, որ ՀՀՇ-ի ղեկավարություն ի դեմս Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի, խիստ դժգոհ են եղել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գործունեությունից, որի կազմում է նաեւ ՀՀՇ-ն: Համաձայն նույն լուրերի, Զուրաբյանն ու Քոքոբելյանը կարծում էին, որ ՀՀՇ-ի համար ավելի խելամիտ կլինի հեռանալ ՀԱԿ-ից, թեեւ ՀԱԿ-ում այդ տեղեկությունները կտրականապես հերքում են: Քոքոբելյանն ու Զուրաբյանը մի քանի օր է չեն պատասխանում հեռախոսազանգերին:




























