Օգոստոսի 8-ին ադրբեջանական «1news.az» կայքը ծավալուն մի հոդված էր հրապարակել՝ «Ասե՞լ է Մեթյու Բրայզան, թե՞ չի ասել» վերտառությամբ: Հոդվածի հեղինակը՝ Բեռլինից լուսաբանող Վուգար Սեիդովը, ըստ էության, կասկածի տակ է դնում NEWS.am-ի հրապարակման իսկությունը, որում ներկայացվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունները: Հարկ է նշել, որ Ծաղկաձոր հանգստավայրում կայացած եւ տարածքային խնդիրներին վերաբերող ասուլիսի վերաբերյալ NEWS.am-ի տարածած տեղեկատվությունը հղումով օգտագործվել է հեղինակավոր «Կոմերսանտ» թերթի, նաեւ ռուսաստանյան ազդեցիկ լրատվական «Ռեգնում» գործակալության կողմից:

Պարոն Սեիդովի կասկածամիտ հարցերն առնչվում են ամերիկյան դիվանագետի հետեւյալ մեջբերման հետ. «Տարածքային ամբողջականությունը կպահպանվի այնքանով, որ Ադրբեջանին կվերադարձվեն 7 շրջանները, որոնցից 5-ն՝ անմիջապես, իսկ մնացած 2-ը՝ ավելի ուշ, հինգ տարի, հնարավոր է նաեւ ավելի ուշ»: Ըստ էության, «1news.az»-ում հրապարակված հոդվածի հեղինակը կասկածի տակ է դնում տեղեկության իսկությունը՝ ենթադրելով, թե NEWS.am-ը «խորամանկության» է գնացել եւ իր սեփական տեսակետը ներկայացրել է որպես ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի մեջբերում:

Ադրբեջանցի հեղինակի կասկածները ցրելու համար ներկայացնում ենք Մեթյու Բրայզայի մեջբերման բնօրինակը. «… The principle of territorial integrity will be reflected in the return of the territories to Azerbaijan with 7 territories surrounding Nagorno Karabakh that will be returned in a stages way that President Aliyev described in July on television – with several (six or five) territories be returned immediately and the one, or two, or part of one, or another territory returned at some delay in 5 or another number of years. So we will also take care of regard of the principles to return the territories to Azerbaijan. With Nagorno Karabakh status to be determined at some point – I can’t say when – through vote…»:

Այդ մեջբերման բառացի թարգմանությունն այսպիսին է. «Տարածքային ամբողջականության սկզբունքը դրսեւորվելու է Ադրբեջանին շրջանների վերադարձով. Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ տարածքները, ինչպես հուլիսին հեռուստատեսությամբ նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, վերադարձվելու են փուլային եղանակով: Որոշները (վեցը կամ հինգը) կվերադարձվեն անմիջապես, իսկ մեկը, կամ երկուսը, կամ մեկի մի մասը, կվերդարձվեն ավելի ուշ՝ հինգ տարի անց կամ այդ ժամանակահատվածից հետո: Այսպիսիով, մենք կզբաղվենք Ադրբեջանին տարածքների վերադարձի սկզբունքի կատարմամբ: Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի իր ժամանակին, ես չգիտեմ՝ երբ, քվեարկության միջոցով»:

Այսպիսով, ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման մեխանիզմները միջնորդների կողմից հստակ տարանջատվել են, եւ ԼՂՀ վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, որպես տարածքային ամբողջականության ապահովման միջոց, նրանց կողմից չի դիտարկվում եւ բանակցային սեղանին չի քննարկվում:

Ծաղկաձորում օգոստոսի 7-ին Բրայզայի ելույթի ամբողջական ձայնագրությունը գտնվում է NEWS.am-ի տրամադրության տակ եւ առաջիկայում ամբողջությամբ կհրապարակվի: Վստահ ենք, որ Ադրբեջանի եւ հայ հետաքրքրասեր լրագրողներին կհաջողվի դրա մեջ գտնել ուշագրավ ակցենտների բավարար քանակություն, որի վերլուծությունը թույլ կտա համարժեք պատկերացում կազմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի եւ նրանց միջնորդական առաքել;ության հնարավոր հետեւանքների մասին: