Ղըրղզստանը հետ է կանչել իր խնդրանքը՝ երկրի հյուսիսում իրավիճակը կայունացնելու համար այնտեղ խաղաղապահ ուժեր մտցնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է մեզ ուղղված խնդրանքին, ռուսական խաղաղապահ համակազմն օգտագործելու վերաբերյալ, ապա կարծում եմ, դեռեւս դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է ՌԴ նախագահը:

Մեդվեդեւը նաեւ նշել է, որ Կուրմանբեկ Բակիեւի տապալված  ռեժիմը իր իսկ քայլերի զոհն է դարձել. «Պետք էր արդար կերպով փողեր աշխատել, չխաբել գործընկերներին: Պետք էր որոշումներ ընդունել, որոնք աջակցություն կգտնեին ժողովրդի մոտ, այլ ոչ թե ծախսել այդ միջոցները սեփական ցանկությունների համար, սեփական խնդիրները լուծելու համար»,- ասել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ Ղըրղզստանի հարավում ազգամիջյան բախումները սկսվել են հունիսի 11-ի գիշերը, որի արդյունքում զոհվել է 191 մարդ: Առնվազն 400 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել սեփական բնակավայրերը: Ղըրղզստանի ավելի քան 100 հազար ուզբեկ քաղաքացիներ լքել են երկիրը եւ անցել հարեւան Ուզբեկստան: