Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Բոբբի Ֆիշերի աճյունը հանել են գերեզմանից հայրության թեսթ անցկացնելու համար:
Համապատասխան թույլտվությունը տվել է Իսլանդիայի Գերագույն դատարանը:
Արտաշիրման վրա պնդել է 31-ամյա ֆիլիպինուհի Մերիլին Յանգը, ով պնդում է, որ Ֆիշերն իր երեխայի՝ 9-ամյա Ջինկիի հայրն է:
Ֆիշերը չի հասցրել կտակ գրել եւ թողել է 2 մլն դոլար, որի համար պայքարում են միանգամից մի քանի կողմեր: Գումարին հավակնում են Ֆիշերի այրին՝ գրոսմայստեր Միեկո Վաթաին, նրա երկու ազգականներն ու ԱՄՆ-ը, որտեղ համարում են, որ Ֆիշերը չի վճարել հարկերը: Համաձայն իսլանդական օրենքների, կինը կարող է հավակնել գումարի երրորդ մասին, երեխան՝ երկու երրորդին, հաղորդում է Lenta.ru-ն:
Ֆիշերը համարվում է 20-րդ դարի մեծագույն շախմատիստներից մեկը, տաղանդից բացի նա ճանաչում է ձեռք բերել իր սկանդալային արարքներով: Նա աշխարհի չեմպիոն է դարձել 1972թ.՝ հաղթելով Սպասկուն, եւ զրկվել է կոչումից 1975-ին, երբ հրաժարվել է խաղալ Անատոլի Կարպովի հետ: Ֆիշերը մահացել է 2008թ. հունվարին՝ երիկամային անբավարարությունից:



























