«Հիմքում ընկած է քաղաքականություն, առայժմ չեմ կարողացել պարզել, թե ինչ քաղաքական ուժի է շահեկան այս մասին աղմուկ բարձրացնել»,- Երեւանի ավագանու խորհրդի այսօր տեղի ունեցած նիստում, անդրադառնալով «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության գործունեությանը, հայտարարել է Գագիկ Բեգլարյանը:

Վերջինս Ուսանողական այգու պաշտպանների պայքարը համարել է քաղաքականություն, եւ աշխատակիցներին հորդորել վերջապես հասկանալ, որ այն ավելի շատ ուղղված է քաղաքապետի աշխատանքը վարկաբեկելուն։ Սակայն ուշագրավն այն է, որ Բեգլարյանին վրդովվեցրել է նախաձեռնության անվանումը. «Իրենց իսկ անվանումից երեւում է, թե իրենք ինչքան են սիրում էս քաղաքը: «Մենք ենք այս քաղաքի տերը», իրանք չգիտեն, որ Երեւանում են, երկրորդ՝ այս քաղաքի տերը բոլորս ենք՝ ժողովուրդը, ավագանին, քաղաքապետարանի աշխատակազմը դիմացի երեք տարին այս քաղաքի ղեկավարներն են, ուզեն, թե չուզեն, մենք ղեկավարելու ենք, իսկ տերը լինելու են բոլորը»,- բորբոքված նշել է քաղաքապետը, ապա պարզաբանել է խնդրո առարկան, որը առաջ է եկել դեռեւս 90-ական թվականներից:

Ի դեպ, Բեգլարյանը որքան էլ վշտացած է բնապահպանների ակտիվությամբ, նույնքան էլ ոգեւորված, քանի որ միայն այդ խնդրի վրա այդչափ կենտրոնացումը, իր ընկալմամբ, նշանակում է, որ մյուս գործերը փայլուն կատարել է: «Սրանով ես նաեւ ուրախանում եմ, ուրեմն ամբողջ Երեւան քաղաքում մեր մնացած աշխատանքները փայլում են, որովհետեւ այլ թեմաներ չունեն խոսելու, մեկ տարվա մեր աշխատանքի ընթացքում միայն սա է աղմուկ բարձրացրել»,-մեկնաբանել է Բեգլարյանը՝ վստահեցնելով, թե ոչ մեկին թույլ չի տա, որ ստվեր գցի քաղաքապետարանի աշխատանքների վրա:  Կարճ ասած, Ուսանողական այգու խնդիրը նույնպես քաղաքապետարանը «ջրեց»: