NEWS.am-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 4-ին, աշխատանքից ազատվել է Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: Ենթադրվում է, որ նրա ազատման հրամանը կապված է օգոստոի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Ըստ տարածված տեղեկությունների, Կարեն Կարապետյանն ակտիվ դերակատարներից է եղել եւ ինքն էլ հրահրել է սկանդալը:
Վերջինս մարմնական վնասվածքներ էր ստացել, անգամ ի վիճակի չէր աշխատանքի գնալու, սակայն նրա անունը այդպես էլ չհիշատակվեց նախապատարստվող նյութերում: Բերման ենթարկվածների թվում եւս իր անունը չկար:
Կարեն Կարապետյանի ազատման լուրը NEWS.am-ը փորձեց ճշտել ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից, սակայն հերքելու կամ հաստատելու փոխարեն, պահանջել են Կենտրոնի վարչության պետի ազատման մասին մեր ճշտումը գրավոր ուղարկել:
Նշենք, որ «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած սկանդալի մասնակիցներից մեկը՝ ԱԱԾ աշխատակից Արսեն Ղազարյանը նույնպես օրերս ազատվել է աշխատանքից միջադեպի պատճառով:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ դեպքից հետո Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 37-ամյա Ռոբերտ Կ.-ն, 37-ամյա Սուրեն Ղ.-ն, 29-ամյա Գարիկ Մ.-ն եւ 35-ամյա Ջանիբեկ Մ.-ն: Ռոբերտ Կ.-ն մարմնին առկա են եղել վնասվածքներ: Պարզվել է, որ ժամը 03.50-ին գիշերային ակումբում, խախտելով հասարակական կարգը, ծեծկռտուք է տեղի ունեցել ակումբի հաճախորդների միջեւ, որի ընթացքում վնասվել է ակումբի սառնարանի ապակյա դուռը: Կատարվում է հետաքննություն:



























