Հանրային Խորհրդի հանձնաժողովն առաջարկում է դիմել կառավարությանը` հրաժարվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությունից:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հանրային Խորհրդի մամուլի ծառայությունից, Հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերի հանձնաժողովը հունիսի 17­ի նիստում քննարկել է «օտարալեզու դպրոցների» խնդիրը եւ երկու կետից բաղկացած որոշում ընդունել,  որտեղ նշվում է.

1. Առաջարկել ՀՀ Կառավարությանը` հրաժարվել օրենսդրական այդ նախաձեռնությունից եւ ետ վերցնել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

2. Առաջարկել Հանրային խորհրդին` դիմել  ՀՀ Կառավարությանը` մշակելու եւ մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման ներկայացնելու ՀՀ հանրային կրթության մակարդակը բարձրացնելու իր մոտեցումներն ու ծրագիրը:

Որոշման ներածական մասում Հանձնաժողովը կարեւորում է օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում եւ արդիական ուսման ձեւերի կիրառումը մեր կրթական համակարգում:

Հանձնաժողովը գտնում է, որ վերը նշված նախագծում առաջարկվող փոփոխությունները չեն բխում մեր ազգային եւ պետական շահերից: Ավելին՝ Կառավարությունը սույն օրինագիծը նախապատրաստելիս չի ղեկավարվել Հայաստանի Անկախության Հռչակագրի 12-րդ կետով, ըստ որի.

«Հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության մշակման համար»: Այս օրենսդրական նախաձեռնությունը հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրի 10-րդ կետին, ըստ որի՝ «ՀՀ-ն ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ»: