Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կողմերի զինված ուժերի շփման գծում իրավիճակը զգալիորեն կայունացել է: Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Նրա խոսքով, օգոստոսի սկզբին ադրբեջանական եւ հայկական զինված ուժերի շփման գծում իրավիճակը շատ լարված էր, տեղեկություններ էին ստացվում ներխուժումների, զոհերի, գյուղերի եւ խաղաղ բնակիչների գնդակոծությունների մասին: «ԵԱՀԿ գործող նախագահը, Մինսկի խմբի համանախագահները, այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ էին անում լրջորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է Կասպշիկը:

Նա նաեւ հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես այցելում են տարածաշրջան եւ հանդիպում երկու երկրների ղեկավարության հետ՝ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ապահովելու համար:

Անջեյ Կասպշիկն ընդգծել է, որ պատրաստ է ամեն կերպ նպաստել կողմերի միջեւ վստահության ձեռքբերմանը եւ նշել, որ իր մանդատին համապատասխան՝ գործադրում է բոլոր ջանքերը՝ նոր գաղափարներ առաջ քաշելու համար: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչն ասել է, որ սատարում է կողմերի զինվորական ստորաբաժանումների հրամանատարությանն ուղղակի բանակցությունների անցկացման հնարավորություն ընձեռելու առաջարկությանը՝ դիտարկումների ժամանակ ԵԱՀԿ ռադիոհաղորդիչների օգտագործմամբ, ինչպես նաեւ այնպիսի միջոցների ձեռնարկմանը, որոնք կարող են օգտակար լինել հակամարտության գոտու շփման գծում եւ սահմանին միջադեպերի թիվը կրճատելու համար:

«Ես մեծ ուշադրություն եմ հատկացնում այն հանգամանքին, թե ինչպես է պաշտպանվում սահմանամերձ խաղաղ բնակչությունը, ինչպես նաեւ գյուղեր այցելություններին եւ այնտեղ տիրող իրավիճակին ծանոթանալուն»,- ասել է նա:

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի խոսքով, ինքը ձգտում է աջակցել գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովի, ինչպես նաեւ պատանդների վերադարձի եւ մարմինների հայրենադարձման ոլորտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը: «Ընդհանուր առմամբ, ձգտում եմ իրականացնել վստահության միջոցները, որոնք կարող են թեթեւացնել իրավիճակը եւ հանգեցնել համանախագահների կողմից անցկացվող խաղաղ բանակցությունների առաջընթացին»,- հավելել է Կասպշիկը: