ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի փակի իր դռները նոր անդամների առաջ: Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պետությունների նախագահների ու վարչապետների մակարդակում Հյուսիսատլանտյան խորհրդի՝ Ուելսում կայացած նիստի բացման ժամանակ:

«Մենք կամրապնդենք նաեւ մեր գործընկերային հարաբերությունները ամբողջ աշխարհի երկրների ու կազմակերպությունների հետ: Կշարունակենք աշխատել սերտ շփման մեջ նաեւ խաղաղ ժամանակ, որպեսզի հնարավոր լինի համատեղ գործել նաեւ ճգնաժամային իրավիճակում: Մենք մեր գործընկերներին կօգնենք ամրապնդել իրենց պաշտպանության եւ անվտանգության ոլորտները, եթե նրանք մեր աջակցության կարիքն ունենան: Իսկ դաշինքի անդամակցության հետ կապված պարտավորությունները կատարելու ընդունակ եւ պատրաստակամ երկրների առաջ մեր դռները բաց կլինեն», - հայտարարել է ԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռասմուսենը նաեւ նշել է, որ գլոբալ անվտանգության հիմքերին մարտահրավեր է նետված, որը չի եղել սառը պատերազմի ավարտից ի վեր:

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները: Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկակում անկայություն եւ բռնի ծայրահեղականությունը: Նոր սպառնալիքները, ինչպիսիք են՝ կիբերահաբեկչությունն ու հրթիռային հարվածները», - հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը: