Իրանի բանակի բարձրաստիճան ներկայացուցիչ, գեներալ Յադոլա Ջավանին անցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուներ Միր Հոսեյն Մուսավիին և Մեհդի Քյարուբիին մեղադրել է փողոցային անկարգությունները հրահրելու մեջ։ Նման մեղադրանքներ հասցեագրվել են նաեւ Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին։ Գեներալ Ջավանին հայտարարել է, որ «այժմ չափազանց կարևոր է պահպանել 30 տարին բոլորած իսլամական հեղափոխության միասնությունը՝ հակառակ Արևմուտքի կողմից հովանավորվող „թավշյա հեղափոխություն“ իրականացնելու փորձերի: Հարցն այն է, թե ովքե՞ր են այս հեղաշրջման փորձի հիմնական հեղինակներն ու մասնակիցները։ Ո՞րն է Մուսավիի, Խաթամիի և Քյարուբիի դերը»,ըստ իրանական «ԻՌՆԱ» գործակալության՝ հայտարարել է Ջավանին:

«Եթե Մուսավին, Խաթամին, Մուսավի Խոեյնիհան (1979թ. իսլամական հեղափոխությունից հետո Իրանի գլխավոր դատախազը) և Քյարուբին հիմնական կասկածյալներն են, որոնք կարող են կանգնած լինել Իրանում ծրագրվող „թավշյա հեղաշրջման“ հետևում, ապա մենք արդարադատություն ենք ակնկալում: Հետևեք նրանց, ձերբակալեք նրանց, դատեք նրանց և պատժեք՝ համաձայն օրենքի», ընդգծել է նա։