«Զանգվածային միջոցառումները չեն կանգնեցվելու, ինչ-որ ծրագված է, իրականացվելու է»,- NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Շառլ Ազնավուրի հրապարակում համերգ կազմակերպելու քաղաքապետարանի արգելքը: Նա սակայն նշեց, որ քաղաքապետարանը դեռեւս պաշտոնական պատասխան չի տվել:

«Որեւէ պաշտոնական մերժում մեզ չի տրվել, ընդհակառակը, երբ 72 ժամ հետո՝ չորեքշաբթի օրը գնացինք, իրենք ասացին, որ ամեն ինչ նորմալ է, պարզապես իրենք պետք է թաղապետարանի հետ պայմանավորվեն տարածքը մաքրելու հարցով:

Այդ պայմանավորվածությունը արդեն կար, մենք պետք է գնայինք թուղթը վերցնեին, որ տանեինք քաղաքապետարան, բայց մեզ ասացին, որ ինչպիսի գումար էլ  վճարվի, ինչ էլ լինի այդպիսի թուղթ չի տրվելու: Այսինքն՝ մեզ պաշտոնապես մերժել անգամ վախենում են: Կա քաղաքական կամք, որ  այս համերգը չկայանա»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ. «Համերգը մի քիչ տարբերվում է բողոքի ցույցից, մարդիկ ընտանիքներով պիտի գային եւ երգիչներն էլ իրենց ներկայությամբ համերաշխություն պիտի հայտնեին մեր շարժմանը եւ մենք չենք ցանկանում այդ ամեն ինչը ծայրահեղ քաղաքականացնել, դա միտինգ չպիտի լիներ, դա համերգ պետք է լիներ: Համերգի հարցում մենք պետք է հաշվի առնենք նաեւ մարդկանց անվտանգությունը եւ փնտրենք  ամենանվտանգ, բայց ճիշտ ճանապարհը»:

Վերջում Արմեն Հովհաննիսյանը հավելեց, որ Ազգայի ժողովի այն նիստերը,  որի ժամանակ քննարկվելու է օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը, ուղեկցվելու են բողոքի ակցիաներով: «Այդ հարցում ոչ մի զիջում չի լինի»,-ասաց նա: