Պրն Զուրաբյան, երեկ՝ հունիսի 17-ին, ՀՀՇ վարչության նիստում Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել։ Ինչո՞վ կմեկնաբանեք Ձեր այդ որոշումը։
Այսօր արդեն 520-րդ անգամ մեկնաբանեմ։ Իմ հրաժարականը կապված էր հետեւյալի հետ. Ստեղծվել էր մի մթնոլորտ, որը մամուլում, ամբողջ քաղաքական դաշտով խոսակցությունների առարկա էր դարձել, եւ ես կարծում եմ, որ իմ այս քայլով ես փորձում եմ հանգուցալուծել վիճակը։ Հայոց համազգային շարժման հետ կապված որեւէ պրոբլեմ ակնկալել չի կարելի, Հայոց համազգային շարժումը հաստատուն գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է, այսինքն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին։ Եթե ենթադրաբար էլ ինչ-որ մի տեղ պրոբլեմներ ման գանք, դա հաստատ ՀՀՇ-ում չի կարող լինել։
Ի՞նչ հանգուցալուծման մասին է խոսքը։
Այ հիմա, մենք միասին կանգնած զրուցում ենք։ Եթե ես հրաժարական տված չլինեի, դուք ինձ սկսելու էիք հարցեր տալ, թե ի՞նչ է կատարվում, իսկ հիմա հարցնում եք՝ ինչո՞ւ եք հրաժարական տվել։ Ես եւս մեկ անգամ համոզվում եմ, որ ես ճիշտ քայլ եմ արել ու դրանով իսկ ամեն ինչ ավարտվել է։
Պրն Զուրաբյան, ձեր խոսքից հետեւո՞ւմ է, որ դուք հրաժարական եք տվել, որպեսզի այսպիսով խուսափեք կուսակցությունում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունից։ Եւ եթե հրաժարական տված չլինեիք, այժմ ստիպված կլինեիք մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում ՀՀՇ-ում։
Ես երբեք պատասխանատվությունից չեմ վախեցել եւ պատասխանատվություն եմ ստանձնել ամենավճռական պահերին։ Հիշեցնեմ, որ ես 5 տարի եղել եմ ՀՀՇ վարչութան փոխնախագահ, 8 տարի՝ ՀՀՇ նախագահ։ Իմ չափ որեւէ մեկը ՀՀՇ-ն չի ղեկավարել։ Պատասխանատվությունից չխուսափելով՝ շարունակելու եմ իմ պայքարը իմ կուսակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի շարքերում։
Իսկ ո՞րն էր Խաչատուր Քոքոբելյանի՝ ՀՀՇ վարչության փոխնախագահի պաշտոնից հրաժարական տալու պատճառը։
Մի անգամ էլ ասեմ՝ պարոն Քոքոբելյանը իմ լավագույն ընկերներից մեկն է եւ շարունակում է մնալ այդպիսին։ Նա որեւէ տեղ մեր կուսակցությունից չի հեռացել ու մեր նման նույնպես շարունակելու է պայքարը սահմանադրական կարգի վերականգնման համար։ Եթե ես նորից այս հարցն ստանամ, կարող է չկարողանամ պատասխանել եւ մեռնեմ։
Պրն. Զուրաբյան, Քոքոբելյանի հրաժարականը մեկնաբանվեց հետեւյալ կերպ, թե նա համաձայն չի եղել ՀԱԿ-ի կողմից տարվող քաղաքական պայքարի ոճի հետ, քանի որ կողմնակից է ավելի վճռական, ռադիկալ պայքարի։ Իրո՞ք դա է եղել հրաժարականի պատճառը։
ՀՀՇ-ն կենդանի օրգանիզմ է, այնտեղ մարդիկ են, ովքեր մշտապես քննարկումներ են անցկացնում, ցանկացած հարցի վերաբերյալ տեսակետներ են արտահայտում։ ՀՀՇ-ն գործում է շատ բաց սկզբունքներով։ Տվյալ պարագայում, մեր բաց քննարկումները դարձել են մամուլի շահարկումների առարկա։ Դրա համար մենք փորձել ենք խնդիրը մի քիչ սառեցնել՝ տեղափոխել այլ դաշտ եւ հայտարարել հետեւյալը՝ պարոն Քոքոբելյանը, ինչպես ցանկացած ՀՀՇ-ական, իր տեսակետները միշտ բացեիբաց արտահայտել է։ Ասենք, 1000 հարցից 998-ի դեպքում մշտապես կողմ է եղել այն լուծումներին, որոնք միասին ենք առաջարկել, իսկ երկուսի դեպքում առաջարկել է այլ լուծումներ։ Դրա համար, ես կարծում եմ, այն բնական պրոցեսները, որոնք առկա են ՀՀՇ-ում, ինչ-որ շահագրգիռ կամ դավադիր ուժեր փորձել են ներկայացնել այլ կերպ (Քոքոբելյանի հրաժարականի որոշումն այս կերպ է մեկնաբանել ՀՀՇ մամուլի պատասպանատու Կարեն Կարապետյանը-խմբ.): Հավատացած եղեք, որ մեզ մոտ որեւէ պրոբլեմ չկա, մեզանից դուրս ման եկեք պրոբլեմը։
Մեկնաբանություններ հնչեցին նաեւ այն մասին, թե ձեր եւ Քոքոբելյանի հրաժարականի պատճառը եղել է ձեր երկուսի համագործակցությունը իշխանությունների հետ։
Ես միշտ պայքարել եմ եւ պայքարելու եմ իմ նպատակների համար ,որոնք շատ ընդարձակ են։ Ես ուզում եմ, որ հայ հասարակությունն ապրի նորմալ երկրում, մի երկրում, որը չի կարղ լինել այնպիսին, ինչպիսին այսօր է, չի կարող լինել սերժական կամ ռոբական երկիր։ Դա ինձ համար անընդունելի է։ Համագործակցության մասին խոսք լինել չի կարող։ Հավատացած եղեք, եթե ես կես քայլ արած լինեի դեպի իշխանությունները, ապա նրանք ինձ կառաջարկեին շատ ավելին, քան այսօրվա կառավարության անդամներից շատերն ունեն։
Հ.Գ. Արարատ Զուրաբյանն ասաց նաեւ, որ չի բացառվում, որ ՀՀՇ համագումարում առաջադրի իր թեկնածությունն ու վերընտրվի ՀՀՇ վարչության նախագահ։
Զրուցեց Հեղինե Մանուկյանը


























