Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն անհաջող է հանդես եկել Անկարայում կայացած աշխարհի առաջնությունում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է armsport.am կայքից, 50 կգ քաշայինների պայքարում Մաթևոս Սարոյանը 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Թուրքիան ներկայացնող, ապագա չեմպիոն Ահմեդ Փեքերին: Սարոյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջել է նաեւ մոլդովացի Անատոլի Բուրույանին:

55 կգ քաշային կարգում հանդես եկող Օհան Գեղիկյանն առաջին իսկ փուլում պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էնթոնի Ռամոսին և դուրս մնացել հետագա պայքարից:

60 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջել է ամերիկացի Ջորդան Օլիվերին:

66 կգ քաշային Արթուր Մալխասյանը 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Բելառուսը ներկայացնող Անտոն Աֆանեսուին: Այս քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանը նվաճել է արծաթե մեդալ: Նա եզրափակիչում զիջել է ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովին:

74 կգ քաշային Հայկ Կարապետյանը քառորդ եզրափակիչում զիջել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էնդրյու Հովին:

Իսկ ահա 84, 96 և 120 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունեցել: