Քիչ առաջ մեկնարկել է Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների կոմիտեի կողմից կազմակերպված նստացույցը։  Նստացույցի  մասնակիցները, որոնց թիվը հինգ տասնյակից ավելի է, սկզբում հավաքվել են Սարյանի արձանի մոտ։ Այստեղ են եղել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մտավորականներ ու հասարակական-քաղաքկան գործիչներ։ Այժմ ակցիայի մասնակից նախկին քաղբանտարկյալները նստացույց են սկսել Օպերայի դիմաց՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ: Նստացույցին մասնակցում են Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արշակ Բանուչյանը, ՆԺԿ նախագահ Արամ կարապետյանը, ինչպես նաեւ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Արարատ Զուրաբյանը, այլոք:

Նշենք, որ ոստիկանությունը շրջափակել է Ազատության հրապարակը, եւ թույլ չի տալիս մտնել հրապարակ, պատճառաբանելով, որ մանկական խմբերը համերգ են տալիս հրապարակում: Այդտեղ հավաքված մանկահասակ երեխաների թիվը չի գերազանցում մեկ տասնյակը, որոնցից շատերն, ի դեպ, միացել են նստացույցի մասնակիցներին։

Նստացույցի մասնակիցները վանկարկում են «Ազատություն», «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն քաբանտարկյալներին», «Լեւոն նախագահ», «Ազատություն Նիկոլի» եւ այլ կարգախոսներ:

Ոստիկանությունը քիչ առաջ փորձել է հայտարարություն անել, սակայն քիչ անց մտքափոխվել է։