Աֆղանստանի յոթ քաղաքացու դատապարտել են մահվան չորս կանանց խմբակային բռնաբարության համար: Այդ մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Քաբուլի արվարձանում: Այդ ժամանակ տղամարդիկ ոտիկանի հագուստով հարձակվել են կանանց վրա, որոնք հարսանիքից էին վերադառնում: Կանանց առեւանգել են ու բռնաբարել: Զոհերից մեկին մեկ շաբաթով տեղափոխել են հիվանդանոց: Մեկ ուրիշը հարձակման հետեւանքով հղիացել է:
Տղամարդկանց ձերբակալել են, զոհերը հաստատել են նրանց անձը: Նրանց մեղավոր են ճանաչել բռնություն գործադրելու, գողության եւ բռնաբարության մեջ:
Դատն ընդամենը մի քանի ժամ է տեւել, տեխնիկական դատավճիռը կայացրել են զինված կողոպուտի համար, քանի որ Աֆղանստանում բռնաբարության համար մինչեւ 15 տարվա ազատազրկում է նախատեսված:
Կատարվածը հանրության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել: Քաբուլի ոստիկանության պետ Զահիր Զահիրը հայտնել է, որ մեղավորները պետք է հրապարակայնորեն կախաղան բարձրացվեն:
«Մենք ձերբակալել ենք նրանց ոստիկանական համազգեստով: Երկու ժամ անց նրանք խոստովանել են իրենց մեղքը»,- պատմել է նա: Նմանատիպ միջոցառումներ է պահանջել երկրի նախագահ Համիդ Քարզայը:
Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, սա խմբակային բռնաբարության առաջին փորձն է, որն աֆղան հասարակության շրջանում նման աղմուկ է բարձրացրել:




























