«Վրացական իշխանությունների կողմից սադրանք է նախապատրաստվում ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ, ինչի նպատակը նրա ֆիզիկական լիկվիդացումն է կամ չեզոքացումը»,- այս մասին հայտնում է «Երկիր» միությունը, ընդգծելով, որ այդ տեղեկության հավաստի լինելն անուղղակի կերպով ապացուցվում է այն փաստով, որ 2009թ. հուլիսի 31-ին Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի համար 8 մեկուսարանից տեղափոխել են Ռուսթավի քաղաքի համար 2 ընդհանուր ռեժիմի գաղութ, որտեղ հնարավոր սադրանք կազմակերպելու առումով պայմանները շատ ավելի բարենպաստ են:
«Երկիր» միությունը հայտարարում է, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հնարավոր սադրանքի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու և Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլու վրա:
«Երկիր» միությունըվրացական իշխանություններից պահանջում է երաշխավորել Վահագն Չախալյանի անվտանգությունը`այդ նպատակով նրան գաղութից տեղափոխել իր բանտարկության նախկին վայր:
Միությունը խնդրում է Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ գործուն միջոցներ ձեռնարկել Վահագն Չախալյանի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ",-նշված է միության հայտարարության մեջ:




























