ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյան ամփոփելով Հայաստան կատարած իր մեկշաբաթյա այցելության արդյունքները, անհանգստություն է հայտնել մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես՝ ազատ հավաքներ անցկացնելու առնչությամբ նա ասել է, որ թեեւ իշխանությունների կողմից հաստատված կանոնակարգը օրինական է, տեղեկություններ կան օրինապահ մարմիների կողմից ավելորդ եւ կամային սահմանափակումների մասին:

«Ժողովրդավարական հասարակությունում խաղաղ հավաքները, բաց, հասարակական ցույցերը պետք է հասանելի լինեն բոլորին՝ առանց ավելորդ սահմանափակումների»,-ասել է նա լրագրողներին:  

Մարգարետ Սեկագյան նաեւ իր անհանգստությունն է արտահայտել լրագրողների նկատմամբ բռնություների եւ հարձակման դեպքերի առնչությամբ:

«Այս փաստերը խոսում են նրա մասին, որ Հայաստանում ամենաթողություն է: Նման անպատժելիությունը , ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ոստիկանությունում եղած խնդիրներով եւ անկախ դատական համակարգ չունենալով», ասել է նա եւ կոչ է արել անցկացնել մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված բոլոր դեպքերի արագ եւ թափանցիկ հետաքննություն:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ասել է. «Մենք ուզում ենք, որ մարտի 1-ի իրադարձությունները հետաքննվեն, բայց արագ եւ թափանցիկ»,-հայտարարել է  Մարգարետ Սեկագյան:

Մեկշաբաթյա այցելությունից իր տպավորությունները, անհանգստություններն ու  հանձնարարականները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը կներգրավի հատուկ զեկույցի մեջ, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդին: