«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այն փաստի հետ, որ իրենց կողմից նախաձեռնած համերգի թույլտվություն Երեւանի քաղաքապետարանը չի տվել: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հունիսի 19-ին խմբի կողմից կազմակերպվող համերգի անցկացումը, որին պետք է մասնակցեին հայտնի կատարողներ, քաղաքապետարանի առավել քան անհիմն եւ օրենքի տառի հետ որեւէ առնչություն չունեցող որոշմամբ ոչ նպատակահարմար է համարվել: Սույն որոշումը չի դիմանում որեւէ քննադատության, քանի որ հիմք է ընդունվել ոչ թե որեւէ օրենք կամ օրենսդրական ակտ, այլ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Մ. Ադոյանի 22.04.2010թ. հ. 8 գրությունը, համաձայն որի՝ «Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվող զանգվածային միջոցառումները խանգարում են կինոթատրոնի բնականոն աշխատանքը»:
Փաստորեն, սրանով նախադեպ է ստեղծվում, որով այս կամ այն «օբյեկտի» տնօրենի ցանկության վկայակոչմամբ կարելի է արգելել ցանկացած քաղաքացիական միջոցառում` հարակից հանրային տարածքներում: Սույն որոշման մեջ մենք միանշանակ տեսնում ենք քաղաքական պատվեր, քանի որ հունիսի 18-ին քաղաքապետարանում մեր կողմից ներկայացված դիմումի քննարկման ժամանակ խոչընդոտ էր հանդիսացել ոչ թե «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության խնդիրը, այլ սանմաքրման աշխատանքները համերգից հետո իրականացնելու հարցը: Հարկ ենք համարում նաեւ նշել, որ օրենքի համաձայն, նույնիսկ այս հարցով քաղաքապետարանի կողմից չէր կարող մերժում լինել:
Սույն խնդրի հետ կապված մեր հետագա գործողությունների մասին մենք կհայտնենք լրացուցիչ»:
Հիշեցնենք, որ ի պաշտպանություն «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության նպատակների՝ կազմակերպվող համերգին մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել Դավիթ Ամալյանը, Վահան Արծրունին, Ռուբեն Հախվերդյանը, Մհեր Մանուկյանը, «Արմենոիդս»-ը, Էդվարդ Զորիկյանը, Վահրամ Թաթիկյանը ՀՏ Հայկոն, Մկրտիչ Մկրտչյանը:


























