Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կիրակի օրը հայտարարել է, որ Կոլումբիայի ռազմական ստորաբաժանումները ներխուժել են իր երկրի տարածք: Նրա խոսքով, Կոլումբիայի զորքերը Վենեսուելայի հետ սահմանը հատել են Օրինոկո գետով։ Չավեսը այդ ներխուժումը Կոլումբիայի առաջնորդ Ալվարո Ուրիբեի կողմից սադրանք է անվանել։
«Խոսքը փոքր պահակախմբի մասին չէ, որը հանկարծակի հատել է սահմանը։ Նրանք անցել են Օրինոկո գետը և ներխուժել երկրի տարածք» — հայտարարել է Չավեսն իր «Ալո՛, նախագա՛հ» հաղորդման ժամանակ։ Նա նշել է, որ այն պահին, երբ Վենեսուելայի սահմանապահները սահմանի հատման վայր են ժամանել, սահմանախախտներն արդեն վերադարձել էին Կոլումբիա։
Հիշցնենք, որ օգոստոսի 7-ին հայտնի էր դարձել, թե Վենեսուելան ետ է կանչել իր դեսպանին Կոլումբիայից: Դրա հետ մեկտեղ, Չավեսը հայտարարել էր որ սառեցնում է իր հարաբերությունները Կոլումբիայի հետ, քանի որ վերջինս մեղադրել է Վենեսուելային Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի գրոհայիններին զենք մատակարարելու համար: Իսկ արդեն օգոստոսի 8-ին Վենեսուելան նաև չեղյալ է համարել արտոնյալ գնով վառելիքի մատակարարումը Կոլումբիա։




























