Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի նախագահի հետ սանկտպետերբուրգյան հանդիպմանը հաջորդելիք տնտեսական համաժողովին չմասնակցելը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի առնչությամբ ունեցած դժգոհությունն արտահայտելու յուրօրինակ ձեւ էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ խոսելով հունիսի 18-ին ԼՂՀ տարածք  ներխուժած ադրբեջական զինված խմբավորման գործողությունների մասին, որոնց արդյունքում հայկական կողմը ունեցել է չորս զոհ եւ չորս վիրավոր։

Նրա խոսքով, ադրբեջանական դիվերսիան նպատակ ունի ցույց տալ, որ այդ երկիրը ցանկացած պահի պատրաստ է նման քայլերի դիմել։ «Միջադեպը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նախագահն այնքան էլ գոհ չէ Ռուսաստանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներից։ Այս գործողությունը, կարելի է ասել, որ նրա դժգոհության շարունակությունն է»,- կարծիք հայտնեց Մանոյանը։

Հարցին, թե կատարվածին ի՞նչ գնահատականներ կտա եւ ի՞նչ կերպ կարձագանքի միջազգային հանրությունը, ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց։ «Միջազգային հանրությունը պետք է որ դատապարտի Ադրբեջանի նմանօրինակ քայլը, սակայն չեմ կարծում, որ կանի դա»։

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 18-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: