Սանկտ-Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Հայկական մշակույթի հուշարձանները Ռուսաստանի ազգային գրադարանում» խորագրով գրքերի ցուցահանդեսի բացմանը: Ներկայացված են ավելի քան 500 հրատարակություներ: Ընդհանուր հաշվով, գրադարանի հայկական ֆոնդը կազմված է 75 հազար միավորից եւ այն զիջում է միայն ռուսալեզու հրատարակություններին: Ցուցանմուշների շարքում է նաեւ Խալդարյանի հրատարակությունը, ով 1783 թվականին Սանկտ-Պետերբուրգում բացել է հայկական առաջին տպագրատունը:

Ներկայացված են նաեւ 18-19 դարերի ցուցանմուշներ, որոնք հրատարակվել են Արեւմտյան Եվրոպայում, ինչպես նաեւ Ի. Դելյանովի  անձնական գործը, ով 1861-1882 թթ-ին եղել է կայսերական հանրային գրադարանի  տնօրենը ու ազգային  լուսավորչության նախարարը եւ հայկական արմատներ ունի: Ամենահին ձեագիրը 12-րդ դարի է: Գրադարանն ունի ավելի քան 35 մլն հրատարակություններ:

Նշենք, որ հայերը Սանկտ-Պետերբուրգում հաստատվել են 1708 թվականից սկսած: Ներկայումս Սանկտ-Պետերբուրգի հայկական համայնքը բաղկացած է ավելի քան 100 հազար մարդուց: Հայկական համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այս տարվա հունվարից: