«ԼՂ հակամարտության գոտում ցանկացած բախում ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ եւ զինված հակամարտությունից խուսափելու բավական հասարակ մի միջոց կա` նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ շարունակել աշխատանքը մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը:
«Պարոն Նալբանդյանը մեկնաբանություններ տալու փոխարեն, պետք է անդրադառնար այս սուր զինված հակամարտության բուն էությանը»,- ըստ ադրբեջանական Trend գործակալության, ասել է Փոլուխովը: Նրա խոսքով, այդ փաստաթղթի ընդունումն ու իրականացումը թույլ կտա խուսափել նման դեպքերից, որոնք մարդկային կյանքեր են խլում: «Ի դեպ, այդ փաստը եւս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂ խնդիրը սառեցված չէ, ինչպես կցանկանար մտածել հայկական կողմը»,- հավելել է Փոլուխովը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:
Տեղի ունեցածի հետ կապված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում, ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի: Կարելի է ասել, որ դեռեւս չհասցնելով դուրս գալ բանակցությունների սրահից, ադրբեջանական ղեկավարությունը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կազմակերպել է դիվերսիոն գործողություն: Գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամ չի արվում»:




























