ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պետք է վերանայվեն «Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի իրականացման չափանիշները, որպեսզի երիտասարդների համար այն ավելի մատչելի լինի:
Տ. Սարգսյանը նշել է, որ այդ ծրագրի հաստատման առաջին իսկ օրվանից աշխատանքային խմբում տարբեր կարծիքներ են եղել պայմանների մասին։ «Մասնավորապես՝ կարծիք կար, որ շատ արագ այս երեք միլիարդ դրամը կսպառվի եւ մենք ստիպված կլինենք նոր միջոցներ տրամադրել։ Ես չէի կիսում այդ կարծիքը եւ համոզված էի, որ մեր սահմանած չափանիշները բավականին խիստ են, եւ, միգուցե, ծրագրի սկզբի համար արդարացված, որպեսզի մենք կարողանայինք ապրոբացիայի ենթարկել մեր մեթոդաբանությունը, ինչպես նաեւ բանկերը պատրաստ լինեին դրան։ Մենք պետք է կարողանայինք ծրագիրը վերահսկել, օգտվելու կարգերը պետք է հասնեին բոլոր համայնքներ՝ առեւտրային բանկերի միջոցով, բայց այօրվա նախնական գնահատականները ցույց են տալիս, որ իրականում ծրագիրը դանդաղ է առաջ գնում, եւ մենք պետք է անդրադառնանք վարկային պայմաններին»,- ասել է Տիգրան Սարգսյանը` ընդգծելով, որ պետք է առաջնային վճարի գումարը վերանայվի, ինչպես նաեւ ժամկետներն ու տոկոսադրույքները, որպեսզի երիտասարդների համար ավելի մատչելի լինի։
«Կարծում եմ, ճիշտ կլինի, որ հակառակ պատկերը լինի` հայտերը տասնապատկվեն ու ավելի շատ լինեն։ Բանկերը բավականին կոնսերվատիվ են մոտենում այս հարցին, որովհետեւ վարկերի վերադարձելության հետ կապված ռիսկերն ամբողջությամբ իրենց վրա են։ Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք սուբսիդավորման չափանիշներին եւ տոկոսադրույքներին` հնարավորին չափ երիտասարդների մասնակցությունն ապահովելու համար։ Համենայն դեպս, առաջին փուլի արդյունքներն այդ մասին են վկայում։ Երեւի թե մենք նորից պետք է հավաքենք մեր աշխատանքային խումբը՝ ԿԲ աշխատակիցների հետ միասին, եւ եւս մեկ անգամ անդրադառնանք այս խնդրին։ Մենք պատրաստ ենք ավելացնել ֆինանսավորման միջոցներն այս ծրագրի համար եւ ծրագրի հաջող իրականացման համար նույնիսկ պատրաստ ենք ներգրավել միջազգային դոնոր կազմակերպություններին»,- նշել է վարչապետը:
Ըստ նրա` հնարավոր է` առաջին փուլում մարզերի համար ստեղծվեն ավելի մատչելի պայմաններ` տարածքային համաչափ զարգացման գերակայությունը կառավարության ծրագրերում ավելի ընդգծված երեւալու համար, էապես մեղմացվեն պայմանները համայնքային հայտերի վերաբերյալ։ «Այսինքն, եթե մարզերում, համայնքներում կլինեն այդպիսի հայտեր, ապա կփորձենք ավելի արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրել։ Կտեսնենք` ինչպիսի կախվածություն կա այդ պայմանների մեղմացման եւ հայտերի քանակի ավելացման միջեւ ։ Եթե զգանք, որ այդ կապն աշխատում է, ապա կփորձենք հետագայում տարածել հանրապետության ամբողջ տարածքով մեկ»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Նրա համոզմամբ, այս հարցը պետք է դարձնել հրապարակային քննարկման առարկա, որովհետեւ հասարակության մեջ հիպոթեքային ծրագրերից օգտվելու հետաքրքրությունը բավականին մեծ է։ «Բայց, չնայած դրան, իրականում, ցավոք, հազարավոր երիտասարդներ չկարողացան բավարարել ներկայիս սահմանած պայմանները։ Դրա համար մենք, ունենալով այսպիսի չափանիշներ, խոստանում ենք ձեզ՝ վերանայել դրանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը։




























