ՀՀ Կառավարությունը հետաձգել է պարտադիր կենսաթոշակային ապահովման ներդրման ժամկետը: Այսօր` հունիսի 19-ին այդ մասին Ծաղկաձորում ընթացող սեմինարի ընթացքում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Սպասվում էր, որ պարտադիր կենսաթոշակային ապահովագրումը կներդրվի 2011 թվականին, սակայն ժամկետը հետաձգվել է մինչեւ 2014 թվականը: Դրա փոխարեն 2011 թ. կսկսի գործել կամավոր կուտակային համակարգը, որը կծառայի որպես անցումային փուլ:

Նշենք, որ Հայաստանում կենսաթոշակառուները (63 եւ ավելի տարիք ունեցողները) ներկայում կազմում եմ բնակչության 11,2 տոկոսը: Սակայն ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանխատեսման` 2018թ. նրանց տեսակարար կշիռը կգերազանցի 12 տոկոսը եւ կկազմի 13,3 տոկոս, իսկ 2050 թ.` 25,7 տոկոս:

Ըստ աշխատանքի եւ սոցիակալան հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանի` եթե կենսաթոշակառուների թիվը ընդհանուր բնակչության կազմում գերազանցում է 12 տոկոսը, ապա տվյալ հասարակությունը պետք է համարել ծերացող: Ա. Ասատրյանը հավաստիացրեց, որ կենսաթոշակային տարիքի փոփոխություն առաջիկայում չի նախատեսվում` ոչ աճման, ոչ էլ նվազման ուղղությամբ: Բնակչության ծերացումը այն հիմնական գործոններից մեկն է, որ ստիպում է կառավարությանը` անցնել կենսաթոշակային պարտադիր կուտակային ապահովագրության համակարգին: Հատկանշական է, որ այն նույն ժամանակահատվածում, երբ կենսաթոշակառուների թիվը կտրուկ ավելանալու է, ըստ նախարարության գնահատակաների` 15-63 տարեկան աշխատունակ բնակչության տեսակարար կշիռը կտրուկ նվազելու է` ներկայիս 70,6 տոկոսից իջնելով մինչեւ 57,6 տոկոսի՝ 2050 թվականին: