Հայաստանը Ղարաբաղյան հակամարտությունից հետո շարունակում է ապրել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից անօրինական շրջափակման մեջ: Չնայած դրան, երկիրը կարողանում է արձանագրել տնտեսական առջընթաց եւ զարգանալ: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 19-ին հանդես գալով Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինոպոլյան պալատում` քաղաքի հայ հմայնքի 300-ամյակին նվիրված միջոցառմանը: Նրա խոսքով, «շրջափակումը շարունակվում է եւ մեր երեխաները ստիպված են մեծանալ ականապատվծ դաշտերով շրջապատված»:

Ս. Սարգսյանն ընդգծել է, որ բազմամիլիոն սփյուռքի ձեւավորումը հայ ժողովրդի ընտրությունը չէ, այլ պատմական ողբերգության արդյունք: «Հայաստանը մեկ պետություն է առանց Սփյուռքի, եւ լրիվ այլ պետություն` Սփյուռքով»,- ասել է նա ու հավելել. «Մենք հպարտանում ենք Ռուսաստանի հետ բարեկամությամբ, որտեղ եւս կա մեծ հայկական սփյուռք: Մենք  հպարտանում ենք Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքով եւ պատրաստ ենք օգնել անհրաժեշտության դեպքում»:

«Հիմնադրելով քաղաքը նեւայի ափին, Պետրոս Առաջինը նշանակալի քայլ արեց` պատուհան բացելով դեպի Եվրոպա: Ներկայումս Նեւայի վրա գտնվող քաղաքը բաց համաշխարհային երկխոսության ասպարեզ է: Սանկտ-Պետերբուրգը արտացոլում է ռուս ժողովրդի մեծությունն ու մշակույթը: Քաղաքը եվրոպական մշակույթի մարգարիտն է, որը հնարավոր չէ ներկայացնել առանց ռուսական բաղադրիչի: նույնկերպ անհնար է լուսանցքայնացնել Ռուսաստանը Եվրոպայից»,- ընդգծել է ՀՀ նախագահը, հավելելով, որ Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը շատ հայտնի է իր արժանավոր անհատներով:

Նշենք, որ քաղաքի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այս տարվա հունվարին: Հունվարի 19-ին դրանց մասնակցել են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները: Նշենք, որ առաջին անգամ հայերը Սանկտ-Պետերբուրգում հայտնվել են 1708 թվականին, եւ մի քանի տարի անց Նեւայի ափին հիմնադրվել են նրանց առեւտրական ավանները: Ներկայումս Սանկտ-Պետերբուրգում ապրում է շուրջ 100 հազար հայ: