ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Չինո քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 40 բանտարկյալ վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Սակայն ամերիկյան որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անկարգությունների հետևանքով վիրավորված եւ հիվանդանոց տեղափոխված բանտարկյալների թիվը 55 է:
Մոտ 80 ոստիկաններ փորձել են վերջ տալ անկարգություններին, սակայն դա նրանց չի հաջողվել եւ արդյունքում բանտարկյալները հրդեհել են բանտի յոթ շենքերից մեկը:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում նույնպես նմանատիպ դեպք է արձանագրվել: Մասնավորապես, բանտարկյալներն անկարգություններ են կազմակերպել օրաբաժնի կրճատման պատճառով, որը բրիտանական կառավարությունը նախաձեռնել էր շարունակվող տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով:
Էշվիլ բանտում բանտարկյալներն այրել են երկու մասնաշենք: Անկարգություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 300 մարդ, որոնցից 80-ին հետագայում ստիպված են եղել տեղափոխել այլ բանտեր:



















