Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանրքաշայինները` +105 քաշային կարգում հանդես եկող մարզիկները:
Մրցակցությունից դուրս էր Հայաստանի հավաքականի 20-ամյա ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը: Մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոնը Սոֆիայում մերձակա հետապնդողին գերազանցեց 12 կգ:
Պետք է նշել, որ հաղթանակը մեր մարզիկին հեշտ չտրվեց: Սական Ռ.Ալեքսանյանը պայքարում էր ոչ թե մրցակիցների, այլ ինքն իր հետ: Երկրորդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Զաուրբեկ Նանիևը պոկում վարժությունում ցույց տվեց 172 կգ արդյունք, իսկ Ռ.Ալեքսանյանը պատվիրեց 180 կգ և այդ քաշը բարձրացրեց միայն երկրորդ փորձից: 190 կգ-ոց ծանրաձողը պոկում վարժությունում բարձրացնել մեր մարզիկին չհաջողվեց:
Իսկ հրում վարժությունում Ռ.Ալեքսանյանը հաղթեց հենց առաջին փորձից: Բարձրացնելով 212 կգ` Ռ.Ալեքսանյանը հրաժարվեց մյուս մոտեցումներից, քանի որ հիմնական մրցակիցը` Զ.Նանիևը իր ելույթն ավարտել էր 208 կգ արդյունքով: Երկամարտում Ռ.Ալեքսանյանը հավաքեց 392 կգ:
Ավելացնենք, որ Ռ.Ալեքսանյանի անձնական քաշն այս առաջնությունում 145 կգ էր: Արծաթե մեդալակիր Զ.Նանիևի անձնական քաշը 109 կգ էր:




























