Օգոստոսի 10-ին Բաղդադում եւ Մոսուլ քաղաքի արվարձաններում ահաբեկչական գործողությունների հետեւանքով առնվազն 47 մարդ սպանվել է, մոտ 150-ը՝ վիրավորվել:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մոսուլից 20 կմ հեռավորության վրա գտնվող Խազնա գյուղում երկու բեռնատար է պայթեցվել: Վնասվել է 35 տուն, զոհվել են 30 շիաներ, եւս 70-ը վիրավորվել են:

Պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Բաղդադում, որտեղ պայթեցվել է երկու բեռնատար: Քաղաքի հարավում բեռնատարի մեջ տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով սպանվել է մոտ մեկ տասնյակ մարդ, 46-ը՝ վիրավորվել: Բաղդադի հյուսիսում տեղի ունեցած պայթյունը խլել է յոթ մարդու կյանք, եւս 35-ը վիրավորվել են:

Իրաքի իշխանությունները հաստատել են ահաբեկչական գործողությունների փաստը: Իրաքցի բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի դեպ, շիաներն այսօր նշում էին շիա սրբերից մեկի՝ իմամ Մուհամեդ ալ-Մահդիի ծննդյան օրը:

Սրբազան տոնակատարության նախօրեին իրաքյան ոստիկանությունը ձերբակալել է «Ալ-Քաիդայի» մի քանի զինյալների, ուստի, ամենայն հավանականությամբ, ահաբեկչության ետեւում կանգնած են հենց ահաբեկչական այդ կազմակերպության զինյալները:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրն էլ մոտ 3 տասնյակ մարդ էր զոհվել Մոսուլում եւ Բաղդադում՝ շիաների վրա կատարված հարձակումների արդյունքում: