Օգոստոսի 7-ին, ժամը 15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձ է եղել մի երիտասարդ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ ջրահեղձ է եղել մարզի Սարիգյուղ համայնքի բնակիչ, 1993 թ. ծնված Կորյուն Շահնազարյանը: Խորասուզման վայրում ջրամբարի խորությունը կազմում է 8 մետր: Այն գտնվում է ադրբեջանական կողմի ուղիղ նշանառության տակ, ինչը դժվարացնում է որոնողական աշխատանքների իրականացումը:
Ժամը 17-ի սահմաններում փրկարարները, գյուղի բնակիչների հետ համատեղ ուժերով, ջրամբարից դուրս են բերել Կ. Շահնազարյանի դին:
Նույն օրը ժամը 22.50-ին մարզային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի ջրավազանում հայտնաբերվել է դիակ, որին ջրից հանելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Ժամը 00.50-ի սահմաններում փրկարարները ջրից դուրս են բերել 45-50 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:
Օգոստոսի 8-ին, ժամը 15.20-ին Սյունիքի մարզում` Քաջարանի հրշեջ-փրկարար ջոկատ ահազանգ է ստացվել, որ Ողջի գետը մարդ է ընկել (Քաջարանի նախկին հացի գործարանի հատվածում) եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրահեղձ է եղել Քաջարանի Չարենցի փողոցի թիվ 3/28 բնակարանի բնակիչ, 1992 թ. ծնված Գարեգին Բալասանյանը, որի դին տեղի ուժերով դուրս է բերվել ջրից ու տեղափոխվել Քաջարան:



















