Մայքլ Ջեքսոնի մտերիմ ընկեր, դերասան Մարկ Լեսթերը երգչի դուստր Փերիսի հայրը չէ: Այս մասին «People»-ին հայտնել է Ջեքսոնի ընտանիքի փաստաբան Լոնդելլա ՄաքՄիլանը: «Դրանք պարզապես դատարկ խոսքեր են, որոնք որևէ հիմնավորում չունեն»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ «News of The World»-ը օրերս հրապարակել էր Լեսթերի հետ հարցազրույցը, որում Մայքլ Ջեքսոնի երեխաների կնքահայրը հաղորդել էր, թե հենց ինքն է փոփ-թագավորի դստեր՝ Փերիսի կենսաբանական հայրը: Նրա խոսքով, ինքը ժամանակին Ջեքսոնին է փոխանցել իր սերմնահեղուկը, իսկ հիմա, երբ վտանգ է տեսնում, որ իրեն կզրկեն Փերիսին տեսնելու հնարավորությունից, ինքը ստիպված է այդ մասին բարձրաձայն ասել, հատկապես, որ Փերիսը դիմագծերով նման է իրեն: Լեսթերը ցանկություն է հայտնել ԴՆԹ թեսթ հանձնել ու պարզել, թե արդյո՞ք իր ենթադրությունները ճիշտ են:
Սակայն, Ջեքսոնի ընտանիքի հարազատներից մեկը տեղեկացրել է, որ Լեսթերը երբեք չի հավակնել Փերիսի հայրությունը ստանալուն և չի պատրաստվել ԴՆԹ թեստ անցնել: Ամեն դեպքում, նույն աղբյուրը հայտնել է, որ Լեսթերն իրոք Մայքլ Ջեքսոնին է տվել իր սերմնաբջիջը:
«Նրանք պարզապես սխալ են փոխանցել Լեսթերի խոսքերը: Նա երբեք չի հայտարարել, որ ինքը Փերիս Ջեքսոնի հայրն է»,- հաղորդել է People-ի զրուցակիցը: Թե երբ և ինչ նպատակով է Ջեքսոնի ընկերը տրամադրել իր սերմնաբջիջը, զրուցակիցը չի ճշտել, սակայն նշել է, որ այդ դեպքը չի համընկնում Փերիսի սաղմնավորման ժամանակաշրջանի հետ:



















