Հայ արիական միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհուրդը կոչ է անում հաջորդ սահմանային սադրանքի դեպքում ոչ միայն համարժեք պատասխանել թշնամուն, այլեւ անցնել հակահարձակման եւ շարունակել վերամիավորել հայկական այն հողերը, որոնք «այսօր էլ մնում են ադրբեջանական բռնազավթման աքցաններում»:
«Պետք է մեկընդմիշտ լուծել այսպես կոչված ադրբեջանցիների (իրականում՝ կովկասյան թյուրք-թաթարների) հետ մեր հարցերը, իսկ դա հնարավոր է միայն հայկական հողերի ամբողջական ազատագրման դեպքում: Ուրեմն, պետք է հաջորդ իսկ ադրբեջանական հարձակումը ավարտվի հայկական կողմի հակահարձակմամբ եւ Շահումյանի շրջանի, Դաշտային Արցախի (Ուտիքի), Գանձակի ազատագրմամբ:
Հայ Արիական Միաբանությունը համախմբման կոչ է անում բոլոր նախկին ազատամարտիկներին, ովքեր պատրաստ են դադարեցված ազատագրական պայքարի վերսկսմանը:
Բաքվում երեւի թե մոռացել էին, որ 1994թ. իրենք էին աղերսում զինադադար, որպեսզի հայկական ուժերը չհասնեն Բաքու: Ըստ ամենայնի՝ եկել է մեր սխալն ուղղելու ժամանակը»,- ասված է ՀԱՄ-ի հայտարարության մեջ:
ՀԱՄ-ը ՀՀ իշխանություններին նաեւ կոչ է անում եւս մեկ անգամ ճանաչել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը եւ համարժեք միջոցների դիմել՝ պաշտպանելու հայության իրավունքներն ու անվտանգությունը մեր միասնական երկրի մի հատվածում: Ըստ հայտարարության, Հայաստանն ու ԼՂՀ-ն խորհրդարանների միջոցով պետք է համատեղ վերահաստատեն երկու հայկական պետությունների արդեն փաստացի վերամիավորումը եւ դիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, որ այլեւս հաշվի առնվի այդ հանգամանքը՝ ԼՂ-ի հարցի կարգավորման փաթեթում:
Հիշեցվում է նաեւ, որ ՄԱԿ-ին նախորդած Ազգերի Լիգան 1920թ. իրավացիորեն մերժել է ԱԼ ընդունվելու Ադրբեջանի դիմումը՝ պատճառաբանելով, որ «այդ հանրապետությունը չունի կայուն կառավարություն եւ չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաեւ «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի, «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլեւ Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը, Շահումյանի շրջանը եւ այլ տարածքներ:


























