Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով եղել է Ջերմուկում:

Նախագահը մարզի եւ քաղաքի ղեկավարների հետ քննարկել է անցյալ տարի Ջերմուկի` որպես առողջարանային եւ զբոսաշրջային կենտրոնի, զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երկրի ղեկավարին ներկայացրել է Ջերմուկի չգործող օդանավակայանի տարածքում նախատեսված առաջնահերթ կառուցապատման սխեմաների եւ քաղաքում առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի կառուցման նախագծերը:

Չգործող օդանավակայանի եւ դրան հարակից 120 հա տարածքում նախատեսվում է կառուցել հանգստի եւ զվարճանքի, զբոսաշրջային, հյուրանոցային, վարչական, բնակելի, խառը կառուցապատման, մշակութային (ներառյալ` շախմատի կենտրոնի եւ ձմեռային սպորտաձեւերի մարզադաշտերի) գոտիներ: Առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի շինարարությունը սկսված է եւ կավարտվի 2011թ.-ին: Համալիրի ներդրումների ծավալը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար:

Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ «Հայ ասպետ» հեռուստատեսային խաղի հաղթող Ջերմուկի թիվ 1 դպրոցի հավաքականի անդամներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է երեխաներին եւ ասել, որ հիացած է ուսման եւ գիտելիքի հանդեպ նրանց սիրով ու տարած գեղեցիկ հաղթանակով: Երեխաները երկրի նախագահի եւ «Փյունիկ» հիմնադրամի կողմից որպես պարգեւ ստացել են նոութբուք համակարգիչներ: