Հունիսի 19-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.03-ին Երեւանի Արտաշիսյան 73/10 հասցեում տեղի է ունեցել պայթուն, ինչի հետեւանքով տանտերը` 36-ամյա Ա. Ենոքյանը, այրվածքներով տեղափոխվել է Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

NEWS.am-ը ԱԻՆ «Արտակարգ» ալիք կենտրոնից, տեղեկանում է, որ ըստ բժշկի` Ա. Ենոքյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. տուժածը  ստացել է 2-3-րդ աստիճանի այրվածքներ (մարմնի 40-50 տոկոսը):

Ըստ նախնական տվյալների` պայթել է խոհանոցում կուտակված բնական գազը: Պայթյունի հետեւանքով 4-րդ հարկի բնակարանի հյուրասենյակի եւ խոհանոցի պատուհաններն իրենց երկաթբետոնե կառուցվածքներով փլուզվել եւ թափվել են ներքեւ, բնակարանի պատերին առաջացել են ճեղքեր:

Դեպքի վայրում` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, ՀՀ ԱԻՆ եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կայացվել է որոշում` համապատասխան մասնագիտական հանձնաժողով կազմելու եւ ուսումնասիրություններ կատարելու մասին: