Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակը հրապարակել է հունիսի 18-ի սադրանքի զոհերի եւ վիրավորների անունները:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատայինները հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը: Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները, կրելով կորուստներ, դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղյան կողմը. արիաբար զոհվել են`
- կրտս. սերժանտ Գասպարյան Մնացական Ռոբերտի,
- շարք. Բարսեղյան Արայիկ Սեւակի,
- շարք. Մանուկյան Էդվարդ Սուրենի,
- շարք. Մելքոնյան Պարույր Արարատի:
Վիրավորվել են`
- կրտս. սերժանտ Մաթեւոսյան Գարիկ Յուրիկի,
- շարք. Բադասյան Գալուստ Գարիկի,
- շարք. Արզումանյան Անդրանիկ Վալերիի,
- շարք. Մեսրոպյան Հարություն Վարուժանի:
«Հատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ընդամենը մեկ օր հետո, որտեղ, ի դեպ, Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամությունն էր հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը:
Փաստելով այս եւ դրան նախորդած դիվերսիոն գործողությունների ու հրադադարի խախտման դեպքերի հաճախակի դարձած պրակտիկան, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար եւ նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտ զորքերի սահմանազատման գծում եւ դրանով իսկ հարցականի տակ դնել տարածաշրջանում տիրող առանց այդ էլ փխրուն խաղաղությունը»,- նշել են ՊԲ-ից եւ հավելել, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ Բաքվին հիշեցնում եւ նախազգուշացնում է, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող եւ շփման գոտում իրադրության ապակայունացմամբ հղի` ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ եւս կտրվի համարժեք պատասխան:


























