Ամենատարբեր հիվանդություններից եւ վարակներից զերծ մնալու համար հանգստյան սեզոնի ողջ ընթացքում Հրազդան գետի ջրերում լավ է ընդհանրապես չլողանալ։ NEWS.am -ի թղթակցի հետ բացառիկ զրույցում նման նախազգուշացմամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի վարչության պետ Աիդա Պետիկյանը։

Նրա խոսքով, բնակչության հակահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով իրենց տեսչությունը հանգստի գոտիների սահմանված կետերում պարբերաբար բաց ջրամբարների ջրի որակի հետազոտություններ են անցկացվում։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանգստի ամենբուռն սեզոնը սկսվում է մայիսից եւ շարունակվում մինչեւ հոկտեմբեր, պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը հսկողությունն իրականացնում է հենց այդ ամիսներին՝ կատարելով ջրերի մանրէաբանական, սանիտարաքիմիական եւ մակաբուծաբանական հետազոտություններ»,- տեղեկացրեց Աիդա Պետիկյանը՝ հավելելով, որ լողանալու սեզոնին ջրի որակի ստուգման աշխատանքերը եւ նմուշների հետազոտություններն առավել հաճախակի են դառնում։

Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի վարչության պետի հավաստիացմամբ իրենք նմուշառման կետեր ունեն նաեւ Հրազդան գետի ռեկրեացիոն գոտու հատվածներում, որտեղ էլ քաղաքացիները կազմակերպում են իրենց հանգիստը։ «Հրազդան գետի մասով հետազոտություններն արդեն իսկ սկսվել են։ Դրանց հիման վրա ամեն տարի մենք համապատասխան գրություններ ենք ուղարկում տեղական ինքնակառավարման մարմիններին եւ ոստիկանության բաժիններին, որպեսզի գետի ջրերում լողալն արգելվի։ Պատճառն այն է, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքներում պարբերաբար արձանագրվում են շեղումներ»,- նշեց մասնագետը՝ հատկանշական համարելով, որ Հրազդան գետի ջրի վիճակը վատանում է մանավանդ շոգ եղանակներին։ «Որքան օդի ջերմաստիճանը բարձրանում է, այնքան ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի ջրում մանրէներն ավելի ակտիվ զարգանան։ Եթե մայիսին ջրի որակի վատացման դեպքերը համեմատական կարգով ավելի քիչ են լինում,ապա ամառվա ամիսներին դրանց թիվը զգալիորեն աճում է։ Փաստորեն ստացվում է, որ ամենաշոգ օրերին Հրազդան գետի ջուրը լողալու համար պիտանի չէ։ Սակայն, ինչպես հայտնի է, բաց ջրամաբարները նաեւ ինքնամաքրման հատկություն ունեն»,- հուսադրեց շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի վարչության պետը։

Հարցին, թե ի՞նչ հնարավոր հիվանդություններով  կարող են վարակվել քաղաքացիները, եթե անտեսեն պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության զգուշացումները եւ շարունակեն լողալ Հրազդանի ջրերում, Աիդա Պետիկյանը պատասխանեց։ «Առավել վտանգավոր է, եթե մարդիկ լողալիս գետի ջուր կուլ տան։ Այդ դեպքում աղտոտված ջուրը կներթափանցի աղեստամոքսային տրակտ՝ առաջացնելով մի շարք խնդիրներ։ Պակաս վտանգավոր չէ նաեւ այն, որ մարդիկ հաճախ, գետի ջրով են լվանում իրենց հետ քաղաքից դուրս տարած միրգը կամ բանջարեղենը»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ առավել վտանգավոր է գետի ջրերում սառեցված ձմերուկ ուտելը։ «Մարդիկ մտածում են, որ վարակը չի կարող թափանցել ձմերուկի մեջ, սակայն մոռանում են, որ նրա մակերեսին կպած դանակը կպչում է նաեւ միջուկին»,- հիշեցրեց  Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի վարչության պետը։ Նրա խոսքով, Հրազդանում լողանալը կարող է հանգեցնել նաեւ մաշկային բազմաբնույթ հիվանդությունների։