Երեկ՝ հունիսի 20-ի երեկոյան հրապարակվել են մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները, իսկ այսօր առավոտվանից սկսվել է բողոքարկումը: Ի տարբերություն նախորդ քննությունների, գնահատման եւ թեստավորման կենտրոնում հանգիստ է. իրենց ստացած միավորների հետ համաձայն չեն շատ փոքր թվով դիմորդներ: Ինչպես NEWS.am-ին փոխանցեց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 25,51 տոկոսը: 17,5-ից 20 միավոր է ստացել մասնակիցների 5,36 տոկոսը,  13,5-17,25 միավոր՝ 12,67 տոկոսը, ընդհանրապես մաթեմատիկայի միջին միավորը կազմել է 10,3: Համեմատության կարգով նշենք, որ կենսաբանությունից բացասական էր ստացել մասնակիցների 26,3 տոկոսը, ֆիզիկայից՝ 27,49, աշխարհագրությունից՝ 15,61 տոկոսը: