Երաժիշտ երգահան Վահան Արծրունին կարծում է, որ մենք «դեռ ապրում ենք մի շրջանում, երբ գուցե որոշ տգետների որերորդ անգամ պետք բացատրվի, թե ինչ են ազգային դպրոցը, հայոց լեզուն եւ ազգային պետությունը»: Այս մասին նա հայտարարել է հունիսի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությանը:
Արծրունին նկատել է, որ իր շրջապատում շատ կան ռուսական կրթություն ստացած մարդիկ, սակայն նրանցից ոչ ոք կողմ չէ օտարալեզու դպրոցների բացմանը: Նրա ներկայացմամբ, այս նախաձեռնությունը հիմք է ստեղծում սոցիալական խորացող շերտավորման համար:
«Այն խավը, որն այսօր հնարավորություն ունի օրենսդրական փոփոխություններ անելու, ինքը պետք է հետաքրքրված լինի եւ մտահոգված լինի նրանով, թե իրենց զավակները ինչպիսի միջավայրում պետք է մեծանան։ Այս ներխավային խնդիրը դառնում է ազգային եւ առաջացնում է հսկայական տարաձայնություներ ու ալեկոծումներ մտավորականության շրջանում, որովհետեւ ես համոզված եմ, որ անկիրթ մարդը չի կարող գիտակցել, որ հիմա փորձում են խարխլել պետական, ազգային մտածողության եւ ազգային նկարագրի ամենահիմնական գաղափարախոսությունը,- ասել է նա ու հավելել, որ գիտակից մարդկանց համար ակնհայտ է, թե ինչ նկարագիր ունեն այն մարդիկ, որոնք ուզում են այդ փոփոխություններն անել:
Վ. Արծրունին նաեւ լավատեսական տեսակետ է հայտնել՝ նշելով, որ հայ ժողովուրդը բնազդով զգում է իր անվտանգությանն առնչվող խնդիրներն ու արձագանքում դրանց: Նրա խոսքով, լեզվի խնդիրն ազգային հիմնարար հարց է, որին դիպչելն անթույլատրելի է:


























