«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին կայացած ասուլիսում հայտնել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել Երեւանի քաղաքապետարանի որոշումը, որով արգելվել է իրենց կազմակերպած «Համերաշխության համերգը»:

Նրա խոսքով, քաղաքապետարանը շատ անհեթեթ պատճառաբանություն է գտել միջոցառումն արգելելու համար: «Մերժման փաստաթուղթն ինքնին անհիմն է, որովհետեւ հիմք է ընդունվել ապրիլի 22-ի «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն Ադոյանի կողմից ներկայացված գրությունը, ըստ որի Ադոյանը քաղաքապետարանից խնդրում է թույլ չտալ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում զանգվածային միջոցառումներ անցկացնել։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, կստացվի, որ ցանկացած մշակութային օջախի կամ օբյեկտի տնօրեն հենց դիմի քաղաքապետարանին, քաղաքապետանն այդ դիմումը կարող է հիմք ընդունել եւ զանգվածային միջոցառում կատարելու ցանկացած հայց մերժել։ Սա անհիմն է, եւ նախաձեռնությունը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը համապատասխան ատյաններում»,-նշել է նա՝ նկատելով, որ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում համերգ է նախատեսվում:

Նրա խոսքով, թեեւ քաղաքապետարանի որոշումը բողոքարկելու համար 2 ամիս ժամանակ է տրվում, բայց նախաձեռնության անդամները պատրաստվում են առաջիկա 4 օրերին դատարան ներկայացնել համապատասխան բողոքը: Ներկայումս նրան խորհրդակցում են իրավաբանների հետ:

Ասուլիսին ներկա ռոք երաժիշտ Մհեր Մանուկյանը, ով նույնպես պատրաստակամություն էր հայտնել մասնակցել «համերաշխության համերգին»,- ասել է. «Անկախությունից ի վեր մեր միջից փորձում են հանել «ոչ» ասելու ունակությունը։ Լկտիությունը շարունակում է աճել, եթե այն չի կանգնեցվում։ Մենք պետք է կարողանանք տեր կանգնել մեր «ոչ»–ին»: