Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Յուսուֆջանլու, Չեյիլ լեռ, Քենգեռլի, Բաշ Քարվենդ, Շխլար, Սեյսուլան եւ Լեւոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հունիսի 18-ին ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբ: Մարտի արդյունքում զոհվել էին 4 հայ զինծառայողներ, եւս 4-ը՝ վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով մեկ սպանված:


























